Рубрика: 2023-2024

Մայիսյան ամենամյա 19-րդ ստեղծագործական հավաք․ անվանական մրցանակներ 2024․ ինքնառաջադրում

 Մայիսյան ամենամյա 19-րդ ստեղծագործական հավաք
«Աիդա Պետրոսյան» անվանական մրցանակը տրվում է՝

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողին, քոլեջի ուսանող-դաստիարակին` 2-4, 5-6 տարեկանների ծրագրային-նյութական միջավայրի նորացման ուսումնական նախագծերի մշակման, իրականացման և տարածման համար։

Պարը՝ 5-6 տարեկանների զարգացման բաղկացուցիչ մաս

«Պարն ամենահիմնական նշանակութիւնն ունեցող երեւոյթ մըն է․ ամէն գեղարուեստ պարի մէջ կը պարփակուի։ Իբրեւ շարժում՝ պարը շատ կարեւոր դեր ունի ապագայ դպրոցական կեանքի գեղարուեստական շարժումի մէջ, վասն զի պէտք է գիտենալ, թէ ամէն գեղարուեստ, – ինչպէս՝ երաժշտութիւն, քանդակագործութիւն, ճարտարապետութիւն եւ այլն, – շարժում է։ Ամէն կեանքի մէջ պար կայ։ Արդէն ամբողջ տիեզերքի կեանքը պար չէ՞»։
Կոմիտաս

 Պարը մշտապես եղել և կազմել է մեր մշակույթի, կենցաղի կարևոր և անբաժան մասը։ Ինչպես ասել է Կոմիտասը՝ «Պարն արտահայտում է յուրաքանչյուր մի ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը»։
 Պարն իմ տարերքն է։ Դեռևս ուսանողական տարիներին չէի էլ պատկերացնի, որ հետո հայտնվելու եմ մի կրթահամալիրում, որտեղ հնարավորություն կունենամ ոչ միայն ազգային պարեր սովորել, այլև ինքս սովորեցնել։ 
Կրթահամալիրում իմ առաջին ուսուցչից՝ Արշակ Գասպարյանից, շատ պարեր եմ սովորել և փոխանցել սովորողներիս (1-3-րդ դասարաններում)՝ այն ժամանակ շեշտը դնելով միայն պարաքայլերի մաքրության և հստակության վրա։ Սովորողներս հետաքրքրված էին պարերով, պարում էին մեծագույն սիրով, մասնակցում ուրբաթ-համերգներին (մեդիաուրբաթներին)՝ ներկայացնելով ազգային պարերի ֆլեշմոբեր։

 2017 թվականից, երբ սկսեցի աշխատել բացառապես 5-6 տարեկանների հետ, պարը մատուցելու, փոխանցելու պատկերացումներս փոխվեցին։ Հաշվի առնելով իրենց տարիքային առանձնահատկությունը՝ պարի մեջ առավել շատ ընդգրկեցի խաղը։ Սովորողներս հաճախ էին պարում խաղալով՝ իրենք էլ չզգալով, որ հենց խաղի ընթացքում նոր պար սովորեցին։ Սկզբանական շրջանում պարացանկը սահմանափակ էր՝ «Թամզարա», «Բուլուլ», աստիճանաբար այն ավելացավ նոր ու առավել հեշտ պարերով։ Բայց այդ մասին՝ փոքր-ինչ ավելի ուշ։
 Որքան էլ որ մեծ էր ցանկությունս նոր պարեր սովորեցնելու, միևնույն է կողքից օգնող ուժ էր հարկավոր, քանի որ իմ իմացած պարերը 5-6 տարեկանների համար չէին, իսկ ես իրավունք չունեի հաշվի չառնել նրանց հնարավորությունները և տարիքային առանձնահատկություները։ Հենց այդ շրջանում էլ նոր-նոր քայլեր էր անում «Նռանե» համույթը, որին միացա մեծագույն սիրով։ Եվ այստեղ սկսվեց ինձ համար նոր շրջան։ Իմ լավ ընկերոջ, «Նռանե» համույթի ղեկավար Լաերտ Գրիգորյանի շնորհիվ բացահայտեցի պարը խաղով մատուցելու, փոխանցելու հմտություններ։ Իսկական իմացումի հրճվանք էր ինձ համար, որ հետո պիտի փոխանցեի սովորողներիս։
Սկսվեցին մեր համագործակցային նախագծերը, երբ Լաերտն ինքն էր գալիս խումբ և սովորողներին որևէ խաղ-պար սովորեցնում։ Թվում էր՝ ամեն հանդիպման նույն մեթոդով էր աշխատելու, բայց ,արի ու տես, որ ոչ․ այս անգամ եկել էր այլ մոտեցմամբ, այլ խաղով, որ առավել կհետաքրքրեր սովորողին։ Առաջին հայացքից սրանք կարող էին մանրուքներ թվալ, բայց հետագա խաղ-պարերի մատուցման համար կարևոր հիմք էին հանդիսանալու։

 Շարունականական և հետևողական աշխատանքի շնորհիվ մեր պարացանկն ավելացավ մի քանի պարերով՝ «Կռնկավե», «Լիկիլի», «Կոմիտասի շորոր», «Թաշկինակներով պար», «Յալի», պարեր, որոնք ամբողջությամբ խաղ են, թռիչք, ծափ, ուրախության բացականչություններ ու ծիծաղ։ Չկա պարտադրանք, պարաքայլի կատարյալ կատարողականություն, այլ կա մանր խաղիկներով ներքին հույզերի դրսևորում։

Ներկայանում ենք ուրբաթ-համերգին

Կարևոր էին նաև համագործակցային նախագծերը կրթահամալիրի մյուս օղակների 5-6 տարեկանների հետ՝ փորձի փոխանակում, ամուր կապի ստեղծում։ Հանդիպումների ընթացքում ամեն խումբ ներկայացնում էր իր իմացած պարերը, հետո միասին նորն էինք սովորում։

Համագործակցային նախագիծ Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների հետ

Պարեղանակների ունկնդրումը իր հետ բերեց մի քանի կարևոր հմտություններ՝ ռիթմիկ զգացողություն, առավել մաքուր երաժշտական լսողություն, միջավայրում արագ կողմնորոշում, ինքնակազմակերպում։
Քոլեջի ռիթմիկ և ուրախ առավոտը
Պզզան օրով, պզզան շորով
Առողջաբեր բարի լո՜ւյս
Ռիթմիկ խաղեր Նելի Արղությանի հետ

Համագործակցային նախագծով կրթահամալիրի երաժշտության դասավանդողների հետ սկսեցինք նոր նախագիծ՝ «Ծանոթանում ենք երաժշտական գործիքների հետ», որ շրջանակում նրանից յուրաքանչյուրը ներկայացնում էր այն գործիքը, որին տիրապետում էր։ Երաժշտական գործիքների հետ ծանոթացումն ուղղակի ունկնդրում չէր։ Մի բան է ուղղակի խոսքով ներկայացնել-պատմելը, մեկ այլ բան, երբ սովորողն իր աչքով ու ականջով է «ուսումնասիրում» երաժշտական գործիքը: Սովորողները ոչ միայն հետաքրքրությամբ լսում էին, այլև նախաձեռնում էին իրենց իսկ մասնակցությունը՝ երգելով, պարելով, ինչու չէ՝ նաև նվագելով։
Փողային գործիքներ. բլուլ, շվի, պկու, զուռնա. երաժիշտ՝ Լաերտ Գրիգորյան
Փողային գործիքներ. ֆլեյտա. երաժիշտ՝ Տաթև Մանվելյան
Լարային գործիքներ. կիթառ. երաժիշտ՝ Արմենուհի Թամոյան
Հարվածային գործիքներ. դհոլ-թմբուկ. երաժիշտ՝ Լաերտ Գրիգորյան

Այս ամենից չէր կարող անմասն մնալ նաև ծնողական համայնքը։ Սովորողները, դառնալով ազգային երգ ու պարի կրողը, անկախ իրենց կամքից ընտանիք էին տանում իրենց յուրացրածը։ Հաճախ էլ հենց հանդիպումների և նոր պարեր սովորելու առաջարկը գալիս էր ծնողական համայնքից։ Ոգևորությունը երևում էր նաև տարբերի ծեսերի ժամանակ, երբ ծնողները միանում էին խմբին՝ առանց տվյալ պարը իմանալու։ Այդ ամենը չէր լինի, եթե չլիներ սովորողների մեծ ոգևորությունը, ցանկությունը սեփական իմացածը փոխանցելու։
Պարուսուցում ծնողական համայնքի հետ
«Ձոն» ստուգատես․ միասնական պարուսուցում

Հատված «Ձոն գարնանային ցուցադրություն» նախագծից
«Էս էն Ամանորն է․․․»

Ինչպես ասում էր Կոմիտասը՝ «Ամէն կեանքի մէջ պար կայ»։ Մեր 5-6 տարեկանների մոլորակում առաջնայինը կյանքով ուսուցումն է՝ խաղով, ծափով, պարով, ամենակարևորը՝ համերաշխ, միասնական, միշտ ձեռք ձեռքի տված ճիշտ այնպես, ինչպիսին ազգային պարն է։

Որպես «Նռանե» պարային ակումբի մասնակից՝ կցում եմ նաև ակումբի բլոգի հղումը։

Оставьте комментарий