Ընթերցարան. սեպտեմբեր

«Մեղուն»
Աթ. Խնկոյան

Պզան, պզան, պզպզան,
Պստիկ մեղու տզտզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան, սմբուլ կխմես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս։

Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկար ու ձիգ,
Կտրին տալով`
Վեր–վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս:

Բութմատն ասաց`գայլը եկավ,
Ցուցամատն ասաց`որտեղի՞ց եկավ,
Միջնամատն ասաց` սարից եկավ,
Մատնեմատն ասաց` եկեք փախչենք,
Ճկույթն ասաց` ճստլիկ եմ, պստլիկ եմ,
Ոտիկ չունեմ, թևիկ չունեմ
Ինչպե՞ս փախչեմ:

Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախավ Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին՝ ո՛չ։

Փիսոն գնաց գողեգող,
Փորը դատարկ, սիրտը դող,
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին։

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես,
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ.
Ու տունն այսպես
Պահում եմ ես։
Թե գա մեզ մոտ
Մի հին ծանոթ,
Մոտն եմ վազում,
Պոչըս շարժում։
Բայց թե մի գող,
Չար կամեցող
Ուզի թաքուն
Մտնի մեր տուն,―
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես.
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ու տունն այպես
Պահում եմ ես։

Ծիտը ծառին ծլվըլում է.
— Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ.
Բազեն գլխին պտըտվում է.
— Վու՜յ, վու՜յ, վու՜յ…
Ծիտը լռեց, ծիտը վախեց.
— Վա՜յ, վա՜յ, վա՜յ…
Բազե, թը՜ռռ, բազե թը՜ռռ.
— Հա՜յ, հա՜յ, հա՜յ…
Բազեն թռավ,
Բազեն փախավ,
Ի՜նչ լավ էղավ.
— Հե՛, հե՛, հե՛…
Ծիտի՛կ միտիկ, պի՛ծիկ միծիկ,
Պըտպըտուրի՛կ, չալպըտուրիկ,
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա՜,  հա՜, հա՜…

Լինում է, չի լինում՝ մի ծիտ։
Մի անգամ էս ծտի ոտը փուշ է մտնում։ Դես է թռչում, դեն է թռչում, տեսնում է՝ մի պառավ փետի է ման գալի, թոնիր վառի, հաց թխի։ Ասում է․
— Նանի՛ ջան, նանի՛, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։
Պառավը փուշը հանում է, թոնիրը վառում։
Ծիտը գնում է, ետ գալի, թե՝ փուշը ետ տուր ինձ։
Պառավն ասում է․
— Փուշը թոնիրն եմ գցել։
Ծիտը կանգնում է, թե՝
— Իմ փուշը տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, լոշիկդ առնեմ, դուրս թռչեմ։
Պառավը մի լոշ է տալի։ Ծիտը լոշն առնում է թռչում։
Գնում է տեսնում՝ մի հովիվ անհաց կաթն է ուտում։ Ասում է․
— Հովիվ ախպեր, կաթն ինչո՞ւ ես անհաց ուտում։ Ա՛յ լոշը, ա՛ռ, կաթնի մեջ բրդի՛, կե՛ր․ ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։
Գնում է, ետ գալի, թե՝ լոշս տուր։
Հովիվն ասում է․
— Կերա։
— Չէ՛, — ասում է, — իմ լոշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, գառնիկդ առնեմ, դուրս թռչեմ։
Հովիվը ճարահատած մի գառն է տալի։ Առնում է թռչում։ Գնում է տեսնում՝ մի տեղ հարսանիք են անում, մսացու չունեն, որ մորթեն։ Ասում է.
— Ի՞նչ եք մոլորել։ Ա՛յ, իմ գառն առեք, մորթեցեք, քեֆ արեք․․․ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։
Գնում է, ետ գալի թե՝ իմ գառը տվեք։
Ասում են․
— Մորթել ենք, կերել, որտեղի՞ց տանք։
Սա կանգնում է թե՝ չէ, իմ գառը տալիս եք՝ տվեք, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, հարսին առնեմ, դուրս թռչեմ։
Ու հարսին առնում է, թռչում։
Գնում է, գնում, գնում է, տեսնում՝ մի աշուղ մի ճամփով գնում է։
Ասում է․
— Աշուղ ախպեր, առ էս հարսին, պահի՛ քեզ մոտ։ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։
Գնում է, ետ գալի, աշուղի առաջը կտրում թե՝ իմ հարսը ինձ տուր։
Աշուղն ասում է․
— Հարսը գնաց իրենց տուն։
Սա թե՝ չէ՛, իմ հարսը տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, սազիկդ առնեմ, դուրս թռչեմ։
Աշուղը սազը տալիս է իրեն։
Սազն առնում է, ուսը գցում, թռչում, մի տեղ նստում է, սկսում է ածել ու ճտվտալով երգել․
Ծընգլը, մընգլը,
Փուշիկ տվի, լոշիկ առա,
Լոշիկ տվի, գառնիկ առա,
Գառնիկ տվի, հարսիկ առա,
Հարսիկ տվի, սազիկ առա,
Սազիկ առա, աշուղ դառա,
Ծընգլը, մընգլը,
Ծի՜վ, ծի՜վ։
Մին էլ հանկարծ սազը վեր ընկավ ջարդվեց, ծիտը թռավ գնա՜ց, հեքիաթն էլ վերջացա՜վ։

Մի տնակում ապրում էին մուկիկը, ծիտիկը և հավիկը:
Մի օր քուջուջ անելիս հավիկը մի հատիկ գտավ ու կանչեց.
— Հատի՜կ եմ գտել, հատի՜կ եմ գտել: Ո՞վ կտանի աղալու:
— Ես` չէ, — ասաց մուկիկը:
— Ես էլ` չէ, — ասաց ծիտիկը:
Ի՞նչ աներ հավիկը: Հատիկը ջրաղաց տարավ, աղաց:
— Ալյուրն ո՞վ տուն կտանի, — հարցրեց հավիկը:
— Ես` չէ, — ասաց ծիտիկը:
— Ես էլ` չէ, — ասաց մուկիկը:
Հավիկը ալյուրը շալակեց, տուն տարավ:
— Ո՞վ խմոր կանի, — հարցրեց հավիկը:
— Ես` չէ, — ասաց մուկիկը:
— Ես էլ չէ, — ասաց ծիտիկը:
Հավիկը խմոր հունցեց:
— Թոնիրը ո՞վ կվառի, — հարցրեց հավիկը:
— Ես` չէ, — ասաց ծիտիկը:
— Ես էլ չէ, — ասաց մուկիկը:
Հավիկը թոնիրը վառեց:
— Հացն ո՞վ կթխի, — հարցրեց հավիկը:
— Ես` չէ, — ասաց մուկիկը:
— Ես էլ չէ, — ասաց ծիտիկը:
Հավիկը հացը թխեց, դրեց սեղանին:
— Հացն ո՞վ կուտի, — հարցրեց հավիկը:
— Ես, — գոչեց ծիտիկը և մոտեցավ սեղանին:
— Ես, — գոչեց մուկիկը և մոտեցավ սեղանին:
Հավիկը նրանց սեղանից հեռացրեց և ինքը մենակ կերավ հացը: